Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ի՞նչ տարբերություն` երկրի ղեկավարը վարչապե՞տն է, թե՞ նախագահը»

«Ի՞նչ տարբերություն` երկրի ղեկավարը  վարչապե՞տն է, թե՞ նախագահը»
08.09.2015 | 00:32

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Ձեզ գոհացնո՞ւմ է Սահմանադրության բարեփոխված տարբերակը, որ ներկայացվել է հանրության դատին:
-Պետք չէ 100-տոկոսանոց կատարելություն պահանջել մի փաստաթղթից, որը դեռ ընթացքի մեջ է, դեռ պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Որոշակի իրավական տարրեր կան, որոնք պետք է փոխվեն, բայց խնդիրն այս փաստաթղթի հետապնդած փիլիսոփայության և քաղաքականության մեջ է: 1994-ից քաղաքականության մեջ եմ, ու ինձ համար պառլամենտական կառավարումը մշտապես առանցքային թեզ է եղել: Այս Սահմանադրության հենքում նոր մարդ ձևավորելու գաղափարն է: Մենք անձնակենտրոն համակարգից անցնում ենք հասարակակենտրոնի, որտեղ կոլեկտիվը, թիմն է դերակատարը: Եթե նախորդ Սահմանադրությամբ նախագահն ու նրա շուրջը հավաքված մարդիկ էին այդ դերը ստանձնում, հիմա` կուսակցությունները: Այսինքն, ինչ-որ առումով անցնում ենք կուսակցական կառավարման համակարգի: Պառլամենտական կառավարման համակարգը համագործակցային մտածողություն է բերում, որովհետև կոալիցիաներն այս համակարգում հաճախակի են ձևավորվում: Եվ գլխավորը, եթե կառավարման ճգնաժամեր առաջանան, կմնան խորհրդարանի ներսում:
-Ոմանք կարծում են, որ մեր երկրի համար ճիշտ է նախագահական կառավարման մոդելը, քանի որ պատերազմող երկիր ենք, ու երկրի գլխավոր հրամանատարից շատ բան է կախված: Որպես խորհրդարանական մոդելի կողմնակից, ո՞րն է Ձեր հակափաստարկը:
-Կառավարման մոդելի հարցում ոչ մի կապ չունի` պետությունը ինչ կարգավիճակում է` պատերազմո՞ղ, թե՞ խաղաղ: Ազգային անվտանգության խնդիրներ լուծող կառույցներն աշխատում են նույն ձևով ու տրամաբանությամբ: Ի՞նչ տարբերություն` երկրի ղեկավարը վարչապե՞տն է, թե՞ նախագահը: Միակ տարբերությունն այն է, որ վարչապետի պարագայում որոշակի կախվածություն կա խորհրդարանից:
-Բարեփոխված Սահմանադրության ո՞ր դրույթի առնչությամբ դիտարկումներ ունեք:
-Ինքս հինգ առաջարկ ներկայացրել եմ հանձնաժողովին, որից երկուսն ընդունվել է: Դրանք ընդհանուր քաղաքականությունը փոխող կետեր չեն, բայց որոշակի դետալներ շտկվել են: Լիագումար նիստում ակնհայտ կդառնա, թե որքան առաջարկներ են ընդունվել: Ողջամիտ առաջարկները, որոնք չեն խաթարում խորհրդարանական կառավարման տրամաբանությունը, ընդունվում են:
-«Ոչ»-ի ճակատի ձևավորմանն ինչպե՞ս եք վերաբերվում: Կհաջողե՞ն իրենց պայքարում:
-Եթե իրենք համոզված են, որ նախագահական կառավարման համակարգն ավելի արդյունավետ է, նրանց հռետորական հարց եմ տալիս` քսան տարի ապրում ենք այդ համակարգում, լուծվե՞լ են բոլոր խնդիրները, ամեն ինչ լա՞վ է: Մենք ասում ենք` նոր մոդել ենք բերում, իսկ նրանք պնդում են, թե հինը լավ է, եթե լավ է, ինչո՞ւ եք քննադատում: Նրանք, իհարկե, չեն հաջողելու: Ավելի անկեղծ լինելու համար պիտի ասել, որ հանրությանն այսօր չի հետաքրքրում` երկիրը որ համակարգով է կառավարվում: Սա քաղաքական վերնախավի խնդիրն է: Քաղաքացին համակարգի թերություններն ու խութերը չի կարող տեսնել:
-Մասամբ կանխեցիք իմ հարցը, այդուհանդերձ, երկրում ունենալով բազմաթիվ խնդիրներ, պահն էր, որ քաղաքական վերնախավն առավել կատարյալ համակարգում գործեր: Չէ՞ որ համակարգով պայմանավորված չէ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:
-Խորհրդարանական լսումների ժամանակ Հրայր Թովմասյանը նշեց, որ վերջին տասը տարում Գերմանիայի Սահմանադրությունը շուրջ տասն անգամ փոխվել է: Երբ երկիրը զարգանում է, մարդկանց կենցաղն էլ է փոխվում: Պետք է կյանքի հրամայականները համապատասխանեցնել մեր պետական կառավարման համակարգին: Այո, առաջացել են խնդիրներ, և դրանք խիստ հրատապ են: Անձնակենտրոն հասարակությունը մեր տնտեսության դինամիկ զարգացմանը խոչընդոտում է, հատկապես երբ ֆեոդալական մոտեցումներով է ամեն ինչ որոշվում: Պառլամենտական կառավարման համակարգում Հայաստանն ավելի լավ տնտեսություն կունենա, այս համակարգը ֆեոդալ չի ծնում: Նոր համակարգում որևէ օլիգարխ, շենք կառուցելիս, թե՛ գաջը, թե՛ ավազը, թե՛ քարը, թե՛ պատուհաններն ինքը չի արտադրի, կթողնի դա «փոքրերին»: Ցանկանում եմ օր առաջ Հայաստանը տեսնել համագործակցային ժողովրդավարության տիրույթում:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ